Հանգստյան օրերին համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտը երկու փայլուն մարտ պարգևեց մարզաձևի սիրահարներին: Երկուսն էլ չեմպիոնական գոտու համար էին, երկուսն էլ առանձնակի քաշ ու կշիռ ունեցող վարկածներում: Բրուքլինյան երեկոն թեև առաջին համար էր դիտում WBA և WBC վարկածներով առաջին կիսամիջին քաշային կարգում Թենի Գարսիա-Զաբ Ջուդա մրցամարտը, սակայն եկեք սկսենք երկրորդից, որտեղ WBO վարկածի միջին քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Պիտեր Քուիլինը գոտին պահպանելու համար մարտի էր ելել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Ֆեռնանդո Գերերոյի հետ, մարզիկ, ով չեմպիոնի նման վառ արտահայտված պանչեր է. 25 մարտից 19-ն ավարտել է նոկաուտով:
Այս մարտում Քուիլինը դրսևորեց մարտիկի իր բոլոր առավելությունները` տարածության լավ զգացողություն, մաթեմատիկորեն հստակ հաշվարկված շարժումներ` առանց ավելորդությունների և ուժերի անիմաստ վատնման, ինչպես նաև հանդիպակաց, մրցակցին անակնկալի բերող հուժկու հարվածներ: Արդեն երկրորդ ռաունդում Գերերոն երկու անգամ «լողաց»` միայն իրեն հայտնի հնարով մարտը հասցնելով միջռաունդային դադար: Չորրորդ ռաունդում հավակնորդը մի պահ արդեն հավասարեցրել էր մարտի ընթացքը, սակայն չեմպիոնական գոտին առաջին անգամ պաշտպանող Քուիլինը ստիպեց մրցակցին հերթական անգամ «լողալ»: Վեցերորդ ռաունդում Գերերոն անհամեմատ լավն էր, սակայն յոթերորդում աշխարհի չեմպիոնը ևս երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ու մրցավարը դադարեցրեց մարտը: Սա իսկապես դասագրքային մենամարտ էր, որտեղ չեմպիոնը ցույց տվեց գերռացիոնալ շարժումների մարտ:
Օրվա գլխավոր մրցամարտում աշխարհի չեմպիոն Թենի Գարսիայի մրցակիցն աշխարհահռչակ Զաբ Ջուդան էր, մարզիկ, ով մեկ անգամ չէ, որ եղել է ուժեղագույնը, ով իսկապես համաշխարհային բռնցքամարտի վառ անհատականություններից է, ու, չնայած բավական առաջացած տարիքին, շարունակում է մնալ գերվտանգավոր մրցակից:
Առաջին հինգ ռաունդը դանդաղ, սակայն համոզչորեն ցույց տվեց, թե որքան հզոր ուժ է աշխարհի քսանհինգամյա չեմպիոնը, ով երրորդ անգամ էր պաշտպանում հաղթական գոտին: Ինչպես և կանխատեսվել էր, նա մարտը վարում էր անընդհատ ռմբահարումներով ու արդեն հինգերորդ ռաունդում հարկադրեց «ճոճվել» մրցակցին: Գարսիան նույնն արեց նաև վեցերորդ ու ութերորդ ռաունդներում: Թվում էր, թե Ջուդան վերջնականապես կոտրված է, սակայն բռնցքամարտիկը կարողացավ ոչ միայն գտնել իրեն, այլև հաջորդ երեք ռաունդում հասնել շոշափելի առավելության` ստիպելով մրցակցին անցնել խոր, ժամանակ առ ժամանակ նաև անկանոն պաշտպանության: Հաղթողին որոշելու հարցում մրցավարներն այդպես էլ հարցականների մեջ կմնային, եթե չլինեին աշխարհի չեմպիոնի հավաքվելն ու եզրափակիչ ռաունդը փայլուն անցկացնելը, ինչն էլ որոշեց հանդիպման ելքը: Գարսիան հաղթեց, ապացուցելով, որ, ի դեմս իրեն, համաշխարհային բռնցքամարտը տեր է դարձել չափազանց հետաքրքիր անհատականության, ով ունի սարսափելի ուժի հարված (պատահական չէ, որ քսանհինգ մարտից տասնվեցն ավարտել է նոկաուտով), հրաշալի տակտիկական մտածողություն: Ինչ վերաբերում է Զաբ Ջուդային, նա իր բավական տևական մարզական կարիերայում կրեց ութերորդ պարտությունը, սակայն սա ոչ մի կերպ չի նշանակում, թե բնությունից բացառիկ ճկունությամբ օժտված այս մարզիկի մասնակցությամբ մարտերը, անգամ ոչ չեմպիոնական, հեռուստաընկերություններն անուշադրության կմատնեն: Նա չափից ավելի արտիստիկ է` աննկատ մնալու համար ու, բացի այդ, չեմպիոնական հմայքն իսկապես պահպանած անձնավորություն է: Այնպես որ, ինչ-ինչ` հեռուստաընկերությունները հրաշալի գիտեն, թե որտեղ, ինչ մարտերում են «թափառում» մեծ փողերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ